Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Տակտիկական նշանակության «զորավարժություններ»

Տակտիկական նշանակության «զորավարժություններ»
31.01.2014 | 12:07

ՈՒղիղ մեկ շաբաթից Սոչիում կմեկնարկեն հերթական ձմեռային օլիմպիական խաղերը՝ անվիճելիորեն մարզական խոշոր իրադարձություն ինչպես յուրաքանչյուր մարզիկի, այնպես էլ մարզասերի համար: Իհարկե, մարզիկ-մարզասեր երկյակի մեջ հավասարի իրավունքով կարելի էր աշխարհն էլ ներառել, եթե այն պահպանած լիներ օլիմպիական խաղերի հին ու բարի ավանդույթը, ըստ որի, խաղերի ժամանակ դադարեցվում էին պատերազմական գործողությունները, բայց դե այդ աշխարհը նո՞ր է կորցրել իր չափն ու չվանը, որ նրան մարզիկների ու մարզասերներիս հետ հավասար հարթության մեջ դիտարկենք:

Օլիմպիական խաղերն իսկապես տոն են, և այդ տոնի զգացողությունը դրված է նրա անցկացման ժամանակային ցիկլի մեջ: Խոշոր հաշվով կատակ բան չէ չորս տարին մեկ մի տեղում մեկտեղվելն ու մրցակցելը, երբ դա յուրաքանչյուր տարի կարելի է անել ու արվում է բոլորիս ծանոթ աշխարհի ու տարբեր աշխարհամասերի առաջնությունների տեսքով, որոնք սկզբունքորեն նույն մրցակցությունն են, նույն տոնի զգացողությունը: Բայց օլիմպիադայի համն ու հոտը ուրիշ է ու կշարունակի մնալ այդպիսին, ու դա նախ և առաջ, ինչպես վերն ասացինք, նրա հիմքում դրված ժամանակային գործոնի հաշվին:
Օլիմպիադան քաղաքականություն է, ինչպես որ քաղաքականություն է այս աշխարհում ամեն բան՝ սկսած գեղեցկադեմ հարևանուհուդ աչքերը դուրս պրծած շանն առաջին հայացքից միանգամայն անշահախնդրորեն շոյելուց կամ այդ շան տիրուհու կողմը քնքշալից հայացք անմեղորեն նետելուց մինչև… Եթե հանկարծ այս «մինչևից» հետո թեկուզ մեկ բան էլ հիշատակեմ, հասկանում եք, թե հնարավոր ինչ խառը պատմությունների մեջ կընկնենք, ուստի եկեք չխորանանք մանրամասներում, մանավանդ որ հայտնի խոսքն ասում է՝ սատանան մանրամասների մեջ է, իսկ այդ… սատանան՝ տանն ունեցած յուրաքանչյուր տղամարդուս սատանան, կարող է տվյալ օրը պատահաբար կարդալ արդեն ինքնախոստովանության ձգտող սույն նյութն ու մերկ փաստը օգտագործել լեռնային քչքչան աղբյուրի պես արդար ու զուլալ անմեղ արարածիս, արարածներիս դեմ: Այնպես որ, շուն չհաչեցնենք. խոսքն այս մասով կարճ կապենք ու գնանք առաջ:
Տոնը՝ տոն, բայց որ այն հարամելու պատրաստ, սպասող ուժեր կան, այս մասին էլ չմոռանանք: Նկատի ունենք տեռորիստական ակտերից մինչև դոպինգ ստուգումները: Եթե պայմանավորվենք, որ շատ ջուր քաշող առաջինի մասով լռություն ենք պահպանում, երկրորդի առնչությամբ, թերևս, արժի մի երկու խոսք ասել:
Դոպինգը եղել է, կա ու կլինի մարզիկներին ուղեկցող մշտական գործոն: Հիմա սա պարսավելի՞ է, թե՞ ոչ, քննության չառնենք, բայց և, ի դեմս մարզիչների ու մարզական ֆունկցիոներների, մանկամտորեն չհավատանք նրանց լոլոներին, թե մարզիկը բացարձակ «մաքուր» էր կամ հավատ ընծայենք նրանց, ովքեր, կույս Մարիամ ձևանալով, առաջին թարմությամբ չքմեղանում են, թե իբր տեղյակ չէին մարզիկի կողմից խթանիչներ օգտագործելուն: Ժամանակակից սպորտում առանց խթանիչի չի լինում: Ի վերջո, գոյություն ունի համաշխարհային վիճակագրություն, որը հավաստում է՝ մարզիկների 98 տոկոսը, այսպես թե այնպես, կյանքում գոնե մեկ անգամ օգտվել է դոպինգ «ծառայությունից»: Այնպես որ (խորհուրդ կտանք առանձնապես չխաբվել «գոնե մեկ անգամ» վերապահումին), առանց կողքից եղած ազդեցության գործնականում անհնար է տևականորեն լինել մրցակցության մեջ ու նույնքան տևականորեն ցույց տալ կայուն գերբարձր արդյունքներ, քանզի կա օրգանիզմի ֆունկցիոնալ առանձնահատկություն, վերջապես կա հիվանդանալու, վատ զգալու, հոգնելու, հոգեբանորեն ճնշված լինելու ու սրանց նման շատ բաներ, որոնք ուղղակի և անուղղակի ազդում են մարզիկի մրցելույթի, նրա ցույց տված արդյունքի վրա:
Այսօր աշխարհում տասը հազարից ավելի արգելված դեղամիջոց կա մարզիկների համար, ու դիցուք, գրիպի դեմ կիրառված իքս դեղամիջոցը կարող է դառնալ ճակատագրական: Չխորանանք, բայց և ասենք, որ մարզիկներն ընդունել, ընդունում են ու կշարունակեն ընդունել արգելված միջոցներ, որքան էլ բռնվելու վախը մեծ լինի: Խնդիրը վերաբերում է այդ բռնվել-չբռնվելուն, որի դեմը կարելի է առնել երկու միջոցով. մեկի մասին բոլորդ շատ լավ գիտեք, դրա համար էլ թույլ տվեք չբարձրաձայնել, որովհետև դրանից քրեական օրենսգրքի հոտ է գալիս, մյուսը, որի մասին նույնպես շատ լավ գիտեք, այնպիսի միջոցների օգտագործումն է, որոնք կարող են խաբել ստուգող սարքերին և կամ այդ միջոցների հետ հավելյալ միջոցների խելամիտ օգտագործումը: Չպարզունակացնեմ, բայց ելքը սա է՝ կամ պիտի ունենալ ժամանակակից բժշկություն, կամ պիտի ունենալ գործից հասկացող մարդիկ (երկուսին մեկտեղված ունենալն ավելի ցանկալի է), կամ էլ` մեռնեմ փողի զորությանը, թեև, երբ պահը գալիս է, սա էլ ելք չէ, որովհետև փողն ինչքան էլ զորեղ է, համենայն դեպս, ամենազոր չէ:
Հիմա դառնանք այն բանին, թե օլիմպիական խաղերի մեկնարկի այս ազիզ նախաշեմին ինչու հղում արեցինք քաղաքականությանն ու շոշափեցինք դոպինգի թեման:
ՈՒշադիր մարզասերը հարկավ նկատած կլինի, թե ինչպես օրեր առաջ ամենաբարձր մակարդակով եղավ հայտարարություն ռուս մարզիկների բացարձակ մաքուր լինելու մասին, ու երկու-երեք օրվա տարբերությամբ դրան հետևեց այդ նույն ռուս մարզիկներից երկուսին խթանիչների վրա բռնելու լուրը: Իհարկե, ռուսների փաստը «սոուսվեց» ևս մեկով՝ լիտվացի մարզիկով, սակայն սա չէ էականը: Ռուսներին հստակ մեսիջ ուղարկվեց՝ օլիմպիադան ձեր տանն է անցկացվում (այստեղ մեր որոշ լրագրողների նման ծվծվոց չգցենք այն բանի կապակցությամբ, որ այն իր գինն ուներ և ունի), հեղինակության հարց է տանը լավ հանդես գալը, սակայն ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Բան չունեմ ասելու՝ եղած դոպինգ սկանդալը գուցե և զուտ պրոֆիլակտիկ միջոցառում էր մոտավորապես «տեսեք, տեսեք՝ զգոն ենք ու աչալուրջ» առաջահայացով, բայց կա այն, ինչ եղավ: Չեմ բացառում՝ կարող են լինել և այլ բաներ, բայց դե, սովորական վագոն լինելով, եկեք լոկոմոտիվից առաջ չընկնենք, մանավանդ որ քաշող-տանող ուժը լոկոմոտիվն է:
Ամփոփենք:
Թեման ծավալուն է, և այս մասին կարելի է անվերջորեն խոսել բազմաթիվ փաստերի վկայաբերումով, սակայն դրանից առանձնապես բան չի փոխվում: Չփչացնենք տոնի զգացողությունը, մանավանդ որ օլիմպիադային մասնակցող առանձնապես ուժ չունենք, որ մեդալային հավակնություններ ունենանք, իսկ խթանիչով, թե առանց խթանիչի ցույց տված արդյունքները չեն կարող կոտրել տոնի զգացողությունը, որովհետև մարդս իր էությամբ միտված է առավելին ձգտելուն: Նույնիսկ արգելված հնարքներին դիմելու միջոցով: Եվ հետո, ի վերջո, այս աշխարհում բացարձակ մաքուր չի կարող լինել ոչինչ: Իսկ եթե այդպիսին են խաղի կանոնները, ի՞նչ կարող ես անել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ